«Այբ» դպրոցի ուսուցիչները՝ անգլերենի ուսուցման բարելավմանը նվիրված ուսուցչական համաժողովում

Նոյեմբերի 29-30-ին տեղի ունեցավ ՔՈԱՖ-ի՝ անգլերենի ուսուցման բարելավմանը նվիրված «Անգլախոս գյուղական համայնքներ» և «Լեզվական հորիզոններ» ծրագրերի ավարտական ուսուցչական համաժողովը, որն իրականացվեց «Այբ» դպրոցի հետ համագործակցությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ Համաժողովով ամփոփվեցին նոր կրթական բովանդակության մշակման, ուսուցիչների շարունակական վերապատրաստումների և մենտորական աջակցության արդյունքները։

Միջոցառումը միավորել էր Հայաստանի տարբեր մարզերի՝ անգլերենի ավելի քան հիսուն ուսուցիչների՝ հնարավորություն տալով փոխանակելու գիտելիքներ և զարգացնելու մասնագիտական հմտությունները։ «Այբ»-ի ուսուցիչները, փոխանցելով իրենց առաջադեմ փորձն ու գործնական հմտությունները, համաժողովի մասնակիցներին ներկայացրին ժամանակակից կրթական մոտեցումներ ու մեթոդաբանություններ։

Անգլերենի առարկայախմբի ուսուցիչները՝ Լիլիթ Պետրոսյանը, Տաթևիկ Բարսեղյանը, Կարմեն Ղազարյանը, Լուսինե Թենքերյանը, Ալենուշ Ավանեսյանը, և «Այբ» դպրոցի միջին դպրոցի և համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը նախ ելույթներում, ապա նաև աշխատանքային քննարկումներում որպես վարող ներկայացրին ու քննարկեցին կրթական այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ժամանակակից մեթոդների կիրառումը, համագործակցային ուսուցումը, նախագծային ուսումնառությունը, սովորողների ներգրավվածությունը և ձևավորող գնահատումը։

Համաժողովի կարևոր թեմաներից էր նաև նախագծային ուսումնառությունը, որը ներկայացրին «Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավար Լիլիթ Մինասյանն ու հայոց լեզվի և գրականության առարկայախմբի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանը: Նախագծային ուսումնառությունն «Այբ» դպրոցի կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ է և հաջողությամբ կիրառվում է դպրոցում արդեն 10 տարի` նպաստելով աշակերտների հմտությունների և ստեղծարար մտածողության զարգացմանը։

Համաժողովը հնարավորություն տվեց ավելի խորությամբ պատկերացնելու, թե ինչպես կարող են նորարար մեթոդները կիրառվել տարբեր դպրոցներում՝ աջակցելով ուսուցիչների մասնագիտական աճին և դասարանում ավելի արդյունավետ գործընթացների ձևավորմանը։

Tweets by AybSchool
>